European Commission President Ursula von der LEYEN in Armenia

2 juillet 2026

European Commission Commission européenne

00:00 - 05:23
Intervenant 1
Ձերդ գերազանցություն տիկին նախագահ,  ուրախ եմ այս տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամ հյուրընկալելու Ձեզ Հայաստանի Հանրապետությունում։  Մեր վերջին հանդիպումն ուղիղ երկու ամիս առաջ էր Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի և Հայաստան-Եվրոպական միություն անդրանիկ գագաթնաժողովի շրջանակներում, որի արդյունքում ձեռք բերվեցին մեր երկկողմ քաղաքական օրակարգի համար կարևոր պայմանավորվածություններ։  Մեր գործընկերության հիմքում ունենալով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը և Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության ռազմավարական օրակարգ փաստաթուղթը, մենք կիսում ենք միևնույն հիմնարար արժեքներն ու սկզբունքները՝ ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը։  Այս համատեքստում հունիսի յոթին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների միջոցով Հայաստանի քաղաքացիները ևս մեկ անգամ հայտնեցին իրենց աջակցությունը մեր կառավարության ժողովրդավարական բարեփոխումների, արդարադատության ամրապնդման և խաղաղության օրակարգերին։ 

Տիկին նախագահ, այսօր մեր հանդիպումը վերահաստատեց, որ Եվրոպական միությունը Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է։  Հայաստանը և Եվրոպական միությունը մոտ են իրար առավել քան երբևէ։  Եվ այս արտահայտությունը օրեցօր ավելի է նյութականանում՝ ստանալով ոչ միայն քաղաքական, այլև գործնական, տնտեսական կիրառում։  Ուրախ եմ արձանագրելու, որ քննարկեցինք Հայաստանի առջև ծառացած տնտեսական բազմազանեցման և այդ առնչությամբ Եվրոպական միության աջակցության տարբեր մեխանիզմների գործարկման ուղղությամբ համատեղ աշխատանքը։  Մասնավորապես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Եվրամիության կողմից տրամադրված հիսուներկու միլիոն եվրոյի չափով բյուջետային աջակցության համար՝ լիահույս լինելով, որ առևտրի դիվերսիֆիկացման և արտահանումների խթանման ուղղությամբ Եվրամիության աջակցությունը կլինի շարունակական։ 

Շնորհակալություն եմ ցանկանում հայտնել նաև Եվրոպական հանձնաժողովի կողմից Եվրամիության անդամ երկրներին հայկական ապրանքների նկատմամբ ինքնավար առևտրային միջոցներ կիրառելու մասին նախագիծ ներկայացնելու համար։  Արդեն մեր հանդիպման ժամանակ տիկին նախագահն այդ մասին հայտնեց, համոզված եմ նաև իր խոսքում այդ մասին կխոսի։  Այս որոշումն ամբողջությամբ ուժի մեջ մտնելու պահից Հայաստանը կդառնա Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ կամ Եվրամիության հետ ազատ առևտրի համաձայնագիր չունեցող առաջին երկիրը, որի նկատմամբ վերջին շրջանում Եվրոպական միությունը կկիրառի այս գործիքը։  Լիահույս եմ, որ ԵՄ և ԵՄ անդամ պետությունների մյուս կառույցների գործընկերների հետ ակտիվ աշխատանքի միջոցով կկարողանանք կարճ ժամկետներում ավարտել որոշման ընդունման գործընթացը, հույս ունենք նաև, որ այն հնարավոր կլինի ընդունել հնարավորինս սեղմ ժամկետներում՝ հաշվի առնելով, որ բերքահավաքի շրջանը Հայաստանում արդեն իսկ մեկնարկել է։ 

Հարգելի գործընկերներ, վերջին ամիսների ընթացքում մեզ հաջողվել է առաջընթաց արձանագրել Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության օրակարգի մեկ այլ կարևորագույն ուղղություններից մեկում՝ կապակցվածության ոլորտում։  Դրա վառ ապացույցը Հայաստան-Եվրոպական միություն գագաթաժողովի շրջանակներում Հայաստան-Եվրոպական միություն կապակցվածության համատեղ հայտարարության և նախորդ շաբաթ Բրյուսելում կայացած կապակցվածության օրակարգի նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի և Եվրոպական հանձնաժողովի, ինչպես նաև համապատասխանաբար Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Եվրոպական ներդրումային բանկի միջև Հայաստանի սահմանային երեք անցակետի և հյուսիսային երկու ավտոճանապարհի իրագործելիության ուսումնասիրությունների վերաբերյալ մտադրությունների հայտարարության և հաստատման նամակի ստորագրումն է։  Էներգետիկայի ոլորտում Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերից է էներգիայի կուտակման կայանների կառուցումը, որը նաև հնարավորություն կընձեռի արդյունավետորեն կուտակել Հայաստանի վերականգնվող էներգետիկ ռեսուրսներից ստացվող էներգիան։  Գործընկերոջս հետ քննարկել ենք այս հարցում Եվրամիության աջակցության հաստատման և հատկացման հարցը։  Խաղաղության խաչմերուկ հայեցակարգի կյանքի կոչման տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ներառական ապաշրջափակման համատեքստում տրանսպորտային կապակցվածության խթանմանը զուգահեռ կարևորում է նաև էներգետիկ կապակցվածության ընդլայնումը, այդ թվում հարևան Թուրքիայի և Ադրբեջանի հետ էլեկտրահաղորդման գծերի և կապակցիչների կառուցումը, ինչը կարող է նպաստել ինչպես էներգետիկ անվտանգությանը, այնպես էլ կանաչ անցմանը։ 

La suite de la transcription est réservée aux clients Pro

Débloquez la transcription complète, le chat et toutes les fonctionnalités d'analyse avec Polyfact Pro.